Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում, ոտնաթաթին և այլ տեղերում:

Նևրինոման անվանում են նաև շվանոմա, քանի որ աճում են նյարդի թաղանթի շվանովյան բջիջները: Ավելի հաճախ նևրինոման տեղակայվում է լսողական նյարդի վրա։ Այն հազվադեպ է տարածվում դեպի շրջակա հյուսվածքներ կամ՝ չարորականում։ Լինում է պինդ միասեռ կամ խոռոչավոր։

Ողնաշարի նևրինոմա

Հաճախ զարգանում է պարանոցային և կրծքային հատվածներում՝ ողնուղեղային նյարդերի միելինային թաղանթի բջիջներից:

Ախտանշաններն առաջանում են ողնուղեղային հյուսվածքի ճնշման արդյունքում.

  • Նյարդաարմատային ցավային համախտանիշ․ ախտահարման տեղում առաջանում է ցավ, երբեմն նաև զգացողական և շարժողական խանգարումներ:
  • Վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում․ միզարձակման, դեֆեկացիայի, ստամոքս-աղիքային խնդիրներ,  սրտի ռիթմի խանգարում։
  • Բրոուն-Սեկարի համախտանիշ․ եթե ուռուցքի չափերը մեծ են և այն ճնշում է ողնուղեղին, զարգանում են ողնուղեղի այնպիսի գործունեության խանգարումներ, որոնց համար պատասխանատու է ողնաշարի  ախտահարման հատվածից ներքևի հատվածը: Իջնում են տակտիլ զգացողությունը նևրինոմայի կողմում և ջերմային, ցավային զգացողությունները հակառակ կողմում։ Տուժում է նաև շարժողական ֆունկցիան:


Ախտանշանները սկզբում բացակայում են, հետո ի հայտ են գալիս պարբերաբար և շատ չեն անհանգստացնում։ Բայց ուռուցքի աճին զուգընթաց՝ դրանք ավելի են արտահայտվում, սովորաբար՝ պառկած վիճակում։

Գլխուղեղի նևրինոմա

Ուռուցքն աճում է գլխուղեղի նյարդերը շրջապատող բջիջներից: Հաճախ տուժում են լսողական, եռորյակ նյարդերը, երբեմն նաև՝ դիմային նյարդը: 90 տոկոս դեպքերում այն միակողմանի է:

Ախտանշանները կախված են տեղակայումից, ուռուցքի չափերից, աճման արագությունից: Դրանք են.

  • լսողության միակողմանի իջեցում՝ առավելապես բարձր հաճախականության ձայների նկատմամբ, կարող է լինել նաև աղմուկ՝ ականջներում,
  • աճման ընթացքում ուռուցքը ճնշում է նաև կամուրջ-ուղեղիկային հյուսվածքները, որի արդյունքում առաջանում է ատամների ցավ, լեզվի համի զգացողության կորուստ, դեմքի զգացողության խանգարում, աչքերի շլություն, տեսողության երկատում,
  • ուռուցքի մեծ չափերի (5-6 սմ) դեպքում ի հայտ են գալիս նաև վեստիբուլյար խանգարումներ (գլխապտույտ, ուշագնացություն և այլն):


Եռորյակ նյարդի նևրինոմայի ժամանակ գանգատներն են.

  • ուռուցքի կողմում դեմքի մաշկի զգացողության նվազում,
  • պարեսթեզիա,
  • ծամիչ մկանների թուլություն,
  • բբի ռեֆլեքսի խանգարում,
  • դեմքի շրջանում՝ ցավ,
  • ոչ սպեցիֆիկ ախտանշաններ՝ գլխացավ, տեսողական խնդիրներ, գանգուղեղային այլ նյարդերի կողմից ախտանշաններ (սրտխառնոց, փսխում և այլն),
  • մեծ ուռուցքի դեպքում հնարավոր են լսողական և հոտառական հալուցինացիաներ։


Եռորյակ նյարդի նևրինոմայի ախտանշաններն են.

  • ուռուցքի կողմում լեզվի առաջային մասի համի զգացողության կորուստ,
  • դեմքի ասիմետրիա՝ բերանի անկյունի, կոպի իջեցում,
  • այդ կողմում թքագեղձերի ֆունկցիայի խանգարում,
  • մեծացող ուռուցքը կարող է անգամ ոսկրային հյուսվածքի քայքայման պատճառ դառնալ։


Այլ տեղակայումներ

Ձիու պոչի շրջանում տեղակայման դեպքում դիտվում է  միզարձակման, դեֆեկացիայի խանգարում, ոտքերի տոնուսի և ուժի երկկողմանի իջեցում, զգացողության մոզայիկ խանգարում։

Մորտոնի նևրինոման աճում է ներբանային նյարդից. ցավը տեղակայվում է ոտքի 3 և 4 մատների միջև, ուժեղանում է քայլելիս, նեղ կոշիկ կրելու դեպքում։

Ախտորոշում

Անհրաժեշտ է նյարդաբանի, նյարդավիրաբույժի խորհրդատվություն, զննում:

Լրացուցիչ հետազոտություններ

  • Գլխի կամ ողնաշարի ռենտգեն հետազոտություն, ՀՏ, առավել տեղեկատվական է ՄՌՏ-ն։ ՀՏ-ով հայտնաբերվում է մինչև 2 սմ ուռուցքը։ Հարկ եղած դեպքում իրականացվում է կոնտրաստանյութով։
  • Լսողական նյարդի նևրինոմայի ժամանակ կատարվում է աուդիոմետրիա։
  • Պերիֆերիկ նյարդերի ախտահարման դեպքում կատավուն են ՈՒՁՀ և ՄՌՏ։
  • Իմպուլսի հաղորդումը նյարդից մկան գրանցվում է էլեկտրամիոգրաֆիայի օգնությամբ։
  • Ուռուցքի կասկածի դեպքում կատարվում է բիոպսիա։


Բուժումը

Ուռուցքի փոքր չափերի, դանդաղ աճի, ախտանշանների բացակայության դեպքում իրականացվում է հսկողություն: Եթե ուռուցքն սկսում է մեծանալ, արագ աճել և ի հայտ են գալիս ախտանշաններ, այն հեռացվում է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ